Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում լսվեց ՀԽՍՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանի բողոքը՝ ռուս գործարարներին շորթելու փաստերով քրեական գործ հարուցելու դատախազության որոշման վերաբերյալ:
Այլ հարց է՝ դատարանը այն վարույթ կընդունի՞, թե՞ ոչ: Բանն այն է, որ, ըստ ռուս գործարարների շահերի ներկայացուցիչ, «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի, Տեր-Հովսեփյանը զարմանալիորեն գործում ներգրավված է ոչ թե որպես մեղադրյալ, այլ վկա: Հիշեցնենք, որ Հայաստանում մեծ գումարներ ներդրած ռուս գործարարներ Ալեքսեյ Կորեպանովը, Դմիտրի Աֆոնինը եւ Դմիտրի Կոտովը փորձում են իրավական պատասխանատվության ենթարկել Վիկտոր Տեր-Հովսեփյանին, ով, գործարարների խոսքով, իրենցից յուրացրել է 5 միլիոն դոլարի չափով գումար:
Ռուս գործարարների դիմումների հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնում օտարերկրյա ներդրողներին խարդախության զոհ դարձնելու դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստի առթիվ: Տեր-Հովսեփյանն էլ բողոքարկել է դատախազության՝ ռուս գործարարների ցուցմունքների եւ ներկայացրած փաստերի հիմքով քրեական գործ հարուցելու որոշումը: Դատական նիստը սկսվելուն պես դատավոր Արմեն Բեկթաշյանին նիստը լուսանկարահանելու միջնորդություն ներկայացրինք:
Դատավորը, ինչպես նաեւ Տեր-Հովսեփյանի ներկայացուցիչները չառարկեցին, բացառությամբ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի, որն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս իրեն չլուսանկարահանելու պահանջով: Այս անգամ Մարտիրոսյանը հայտարարեց, որ պարզապես չի սիրում նկարվել:
«Լուսանկարվել չսիրելը» դատավոր Բեկթաշյանի համար հիմք հանդիսացավ, որպեսզի նա առարկությունն ընդունի եւ լրագրողիս հորդորի՝ ում-ում, բայց փաստաբան Մարտիրոսյանին չլուսանկարել: Իմ դիտարկումը, որ լրագրողի գործունեությունը ոչ թե ձեւակերպումներով, անձանց ցանկությամբ, այլ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով են պաշտպանված, դատարանում չանցավ:
Լուսինե Մարտիրոսյանն իր բողոքում պնդեց, որ քրգործի հարուցումը անհիմն է: Մի քանի էջանոց հիմնավորման մեջ հնչեցին տեղեկություններ, որոնք նախաքննությանը ծանոթ մարդը կարող էր ներկայացնել: Մարտիրոյանը ներկայացրեց մանրամասներ ռուս գործարարների եւ «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի հարցաքննություններից: Տպավորություն էր, որ ոչ թե բողոք է ներկայացվում, այլ ռուս գործարարների եւ Տեր-Հովսեփյանի շուրջ տեղի ունեցած պատմության հիմքով հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան եւ արդեն դատական քննություն է ընթանում: Նիստի ընթացքում դատավորը Մարինա Պողոսյանին հեռացրեց դահլիճից, քանի որ վերջինիս հեռախոսին, որն անջատված չէր, ինչպես դատական նիստի կարգն է պահանջում, զանգ եկավ:
Դատարանի դահլիճից հեռացվեց նաեւ փաստաբան Հայկուհի Հարությունյանը, ով Լուսինե Մարտիրոսյանի՝ բողոքը ներկայացնելու պահին ոտքի էր կանգնել ռուս գործարարների շահերը պաշտպանելու լիազորագիր եւ միջնորդությւոն ներկայացնելու նպատակով: Դատավոր Բեկթաշյանը, նկատի ունենալով, որ Լուսինե Մարտիրոսյանը դեռ չի ավարտել բողոքի ընթերցումը, Հարությունյանից պահանջեց, որ նա նստի:
Փաստաբանը պատասխանեց, որ ինքն իրավունք ունի նաեւ դատական նիստին կանգնած հետեւել: Դատական կարգադրիչները նրան դուրս ուղեկցեցին, իսկ դատավորը հայտարարեց, որ փաստաբանի պահվածքի պատճառով նիստը հետաձգվում է: Ընդմիջումից հետո Հարությունյանը դատարանին փոխանցեց լիազորագիրն ու միջնորդությունը: Փաստաբան Հայկուհի Հարությունյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանը դատավարական իր կարգավիճակում նման դիմում, բողոք ներկայացնելու իրավունք չունի եւ որ նման բողոքը անգամ վարույթ չպետք է ընդունվի:
Բացի այդ, ըստ փաստաբանի, նախաքննության ամբողջ փաստաթղթերը, փաստերը՝ որեւէ անձի կողմից հանցագործության հնարավոր կատարման վերաբերյալ, չեն կարող լինել որեւէ կողմի ձեռքին, եթե նախաքննության մարմինը մեղադրական եզրակացություն չի տվել:
«Հիմա վկայի կարգավիճակով անձը վարույթ իրականացնող մարմնին դուրս է թողել եւ կոնկրետ անձի մեղքի վերաբերյալ որոշման կայացնելու պահանջ է ներկայացնում դատարանին: Կողմի ներկայացրած միջնորդությունն ամբողջությամբ վերաբերում է անձի մեղավորությանը կամ անմեղությանը:
Հիմա դատարանը ստիպված ստանձնելու է վարույթ իրականացնող մարմնի դերը: Դատարանն այստեղ պետք է որոշում կայացնի՝ անձը մեղավո՞ր է, թե՞ ոչ: Այստեղ չկա վարույթ իրականացնող մարմինը, չկա նաեւ մյուս կողմը՝ տուժողը»,- իր խոսքում նշեց փաստաբանը: Այս գործով դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 27-ին:
http://past.am/?p=34374&l=am